Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԱՀ ԱԳՆ.Խաղաղ բնակչության վրա հարձակումները կասկած չեն թողնում, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը Արցախի ժողովրդի ոչնչացումն է

ԱՀ ԱԳՆ.Խաղաղ բնակչության վրա հարձակումները կասկած չեն թողնում, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը Արցախի ժողովրդի ոչնչացումն է
06.10.2020 | 16:32

ԱՀ ԱԳՆ-ն հայտարարել է.

«Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության և կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և հանրապետության այլ բնակավայրեր գտնվում են հրթիռա-ռմբային զանգվածային հարձակումների տակ: Խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա անդադար հարձակումները ոչ մի կասկած չեն թողնում, որ Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների աջակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը Արցախի Հանրապետության ժողովրդի ոչնչացումն է՝ որպես Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակություն:


Ընդգծում ենք, որ հանցավոր եռակողմ դաշինքին ռազմական աջակցություն ցուցաբերող երկրները, մասնավորապես՝ նրանք, ովքեր հարձակողական զենք և զինամթերք են տրամադրում, որոնցով թիրախավորվում են խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, անկասկած իրենց բաժին պատասխանատվությունն են կրում մարդկության դեմ շարունակվող հանցագործության համար: Մասնավորապես՝ աղաղակող փաստ է, որ զենքի մատակարարումն իրականացվում է ընդլայնվող ռազմական ագրեսիայի պայմաններում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է ուժի կիրառումը և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:


Կոչ ենք անում համապատասխան երկրների կառավարություններին դադարեցնել վտարյալ պետությունների և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի սնուցումը, դադարեցնել զենքի մատակարարումը հանցավոր եռակողմ դաշինքին, ինչպես նաև չտրամադրել իրենց տարածքն ու օդային տարածությունը՝ Ադրբեջան և Թուրքիա ռազմական մատակարարումներ իրականացնելու համար:


Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը թույլ կտա վերացնել Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը, վերջ տալ Արցախի դեմ անմարդկային ագրեսիային և վերականգնել երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ